Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հերթական սիլի-բիլին

Հերթական սիլի-բիլին
24.11.2014 | 17:29

Լրատվական միջոցներից իմանում ենք, որ Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը Անկարայում կազմակերպել է հայ-թուրքական սահմանի բացման և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը քննարկող կոնֆերանս, որտեղ բանախոսներն անդրադարձել են փակ սահմանի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մարդասիրական (թե ի՛նչ մարդասիրության մասին է խոսքը, պարզ չէ) ու տարածաշրջանային այլ խնդիրների: Զարմանալի է, որ այդ կոնֆերանսը կայացել է ոչ ավելի, ոչ պակաս նոյեմբերի 22-ին ՝վիլսոնյան Իրավարար վճռի օրը:
Ասում են՝ քաղաքականության մեջ պատահական ամսաթվեր չեն լինում: Ի՞նչ ուղերձ է սա թուրքերի կողմից: Մինչ մենք Հայաստանում «Հայրենատիրության օր» էինք փորձում նշել ու դրանով վավերացնել Իրավարար վճռի կենսունակությունը, Թուրքիայում այդ սահմաններն արհամարհելու գործողություններ են կատարում:
Ո՞ր սահմանի մասին է խոսքը: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև եղած փաստացի՞ (դեֆակտո). այս սահմանը միջազգային իրավունքի տեսակետից իրավական ուժ չունի, այն հետևանք է միջազգային իրավունքի սուբյեկտ չճանաչված երկու ինքնահռչակ՝ բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական ռեժիմի միջև 1921 թ. Մոսկվայում և Կարսում կնքված ապօրինի պայմանագրերի: Երկու չճանաչված քաղաքական կազմավորումները ոտնահարել են մի երրորդ կողմի շահերը՝ ելնելով իրենց քաղաքական շահերից: Այս պայմանագրերը խլեցին Հայաստանի Հանրապետությունից Կարսի մարզը և հարակից շրջանները և Հայաստանի առաջին Հանրապետության սահմանը գծեցին կամայականորեն: Այն հետագայում՝ 73 տարի համարվում էր ԽՍՀՄ-Թուրքիա բաժանարար գիծ -սահմանը: Այդ պետություններից մեկի՝ ԽՍՀՄ-ի քաղաքական չգոյության պայմաններում, այդ սահմանը դադարում է փաստացի սահման լինելուց, հետևաբար պետք է ՀՀ-ն վերանայի Կարսի և Մոսկվայի պայմանագրերի իրավական լինելու խնդիրը և այն չեղյալ հայտարարի: Այսօրվա փաստացի սահմանի բացումը լիովին շահավետ է Թուրքիային և՛ քաղաքական , և՛ տնտեսական առումով: Քաղաքական շահն այն է, որ Թուրքիան միջազգային հանրությանն ու աշխարհին ցույց կտա ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործում զիջումների գնալու իր պատրաստակամությունը: Տնտեսական շահն այն է, որ իր արևելյան շրջանները ելք կունենան Հայաստանի շուկա, և գոյություն ունեցող փաստացի առևտրի ճանապարհը և ժամանակը մի քանի անգամ կկրճատվեն ՝բացառելով Վրաստանը: Իսկ ո՞րն է Հայաստանի շահը: Հայաստանը այդ բաժանարար գծի բացումից չի ունենա ո՛չ տնտեսական, որի վրա հիմնականում շեշտը դնում են առևտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները , և ո՛չ առավել ևս քաղաքական շահ: Պարզաբանենք: Հայտնի իրողություն է՝ անգամ մարզաշխարհում երբեք մրցման չեն հանում տարբեր քաշային կարգի ու հասակի ախոյաններին. կարծում եմ՝ մեկնաբանությունս ավելորդ կլինի:
Վերջին քսանամյակում, մինչ մեր երկիրը պատերազմի մեջ էր և քաղաքական -տնտեսական վեկտոր էր հընթացս փոխում, Թուրքիան քաղաքական ճկուն կողմնորոշում ցուցաբերեց (ինչպես միշտ) և ահռելի ներդրումների հոսք բերեց երկիր, տնտեսությունն ու գյուղատնտեսությունը ոտքի հանեց ու հզորացրեց: Բանակը հզորացրեց ՆԱՏՕ-ի շնորհիվ ՝ դառնալով նրա լիիրավ անդամը: Կարո՞ղ են Հայաստանի տնտեսությունն ու գյուղատնտեսությունը մրցակցային այդ դաժան պայմաններում, որոնց հիմքում առաջնայինը լինելու է քաղաքականը, դիմանալ այդ մրցավազքին: Կարծում եմ՝ ո՛չ: Կա՞ն հակառակն ապացուցող փաստարկներ: Իսկ եթե չկան ու Հայաստանի տնտեսությունը և գյուղատնտեսությունը տանուլ են տալու և երկիրը՝ որպես հարաբերական անկախ պետություն «կարող է լինել չգոյ», ապա բնական հարց է ծագում՝ ո՞ւմ է դա ձեռնտու, ո՞ւմ է դա պետք: Համենայն դեպս՝ ո՛չ հայերիս ու Հայաստանի Հանրապետությանը՝ որպես պետության: Հիմա դիտարկենք դրա քաղաքական վնասները: Վերն ասվեց , որ այդ սահմանը եղել է ԽՍՀՄ-Թուրքիա բաժանարար գիծ, որն անտեսում է Վուդրո Վիլսոնի մշակած աշխարհի՝ այն ժամանակվա մի քանի հզոր պետությունների (այսօր էլ դրանք մնում են հզոր) և Թուրքիայի ստորագրությամբ հաստատված Իրավարար վճիռը: Ըստ Իրավարար վճռի՝ Կարսի մարզն ու հարակից տարածքները, հայկական պատմական չորս նահանգները՝ դեպի Սև ծով ելքով, վերամիավորվում էին Հայաստանի Հանրապետությանը: Հիմա հասկանո՞ւմ ենք, թե ինչու է ձեռնտու Թուրքիային բացել այդ բաժանարար գիծը, որը մենք կդարձնենք Հայաստան-Թուրքիա պետական սահման, եթե վավերացնենք հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունները՝ առ ոչինչ դարձնելով Իրավարար վճռի քաղաքական և իրավական ուժը: Այն ուժերը, որոնք Թուրքիայում՝ Անկարայում, կազմակերպել են «հայ-թուրքական սահմանի» բացման վերաբերյալ կոնֆերանս, հերթական թուրքական սիլի-բիլիներն են անում, որոնց մենք չպետք է տուրք տանք:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ